«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ասում է, որ եթե կուսակցության ղեկավարն է, ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին, ու միջադեպ է եղել նույնիսկ դրա վերաբերյալ: «Որևէ միջադեպ չի եղել, կարող էր լինել տարաձայնություն, տարակարծություն, որը հարթվում է, մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»,-հայտարարեց նա: Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի երեք ուժերի մեջ կոնսենսուս կա, այն է, որ Սերժ Սարգսյանը պիտի երրորդ անգամ չվերընտրվի, չդառնա վարչապետ, սակայն տարակարծությունը ճանապարհային քարտեզի շուրջ է:

Դիտարկմանը, թե փաստորեն «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ՔՊ-ին փողոցում մենակ են թողնում, պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է դա նշանակում, ես էլ կարող է փողոցում այդքան ակտիվ չլինեմ՝ առողջական պատճառներից ելնելով, բայց դա չի նշանակում միայնակ թողնել»:

Հարցին, թե որն է դաշինքում գտնվելու իմաստը, եթե մի կուսակցություն մի ուղի է բռնում, մյուսները դրան չեն աջակցում, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Տարբեր ուղի չկա, բայց ամենակարևորը երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա, որ պայքարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Ժամանակի ընթացքում կարող են 3-ն էլ միանալ»: Սասուն Միքայելյանը հավելեց, որ միշտ ընդդիմադիրներ տարբեր ուժեր քայլեր են արել՝ առանց մտածելու, թե ինչ արդյունք կտա հետագայում, իսկ իրենք տարբեր ուղղվածության են քայլեր անում, հետո կարող է միանան:

«Մեկն ասել է՝ մի ուղղությամբ ենք գնում, բոլորն ասել են՝ կողմ ենք, ու վերջում նրանք անհաջողության են հասել: Իսկ մենք տարբեր ուղղությամբ մեր հիմնական նպատակից չշեղվելով գնում ենք»,-ասաց նա: Հարցին, թե դա կտանի իշխանափոխության, պատգամավորը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Իշխանափոխություն չի նշանակում, որ այսօր գոռամ, ասեմ՝ գնում ենք իշխանափոխության, ժողովրդին տանեմ, խաբեմ: Մենք քայլ ենք անում, որ ժողովուրդը հասկանա, դուրս գա փողոց»: Նա ավելացրեց, որ մտավախություն չկա, թե մարդկանց կարող են ավելի հիասթափեցնել, քանի որ մարդիկ առանց այն էլ հիասթափված են, իսկ «Ելք» դաշինքը երբեք էլ չի խաբել ու չի խաբելու ժողովրդին: «Մտավախությունն այն է, որ ժողովրդին պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս բերել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե վախ կա, որ նորից կկոտորեն ժողովրդին, ապա ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իրենք արդեն այդ առումով էլ են փորձառու. «Մենք երբեք ժողովրդին չենք հանելու փողոց, տանենք ընդհարման»