Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Նշենք, որ Հովհ. Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն ստանձնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:

2017 թ. օգոստոսի 2-ից 2018 թ. հունվարի 16-ին իրականացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով՝ Հովհ. Պետրոսյանի բնավորությունն ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ազդել ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա: Ըստ փորձագետի՝ դեպքի պահին ևս Հովհ. Պետրոսյանն այնպիսի հուզական վիճակում չի գտնվել, որի արդյունքում կարող էր ինքնասպանություն գործել:

Փորձագետը բացառել է նաև հրամանատար Վաչագան Հայրապետյանի և մյուս ծառայակիցների գործողությունների և Հովհ. Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջև պատճառահետևանքային կապը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ