Այսօր՝ Վարուժան Ավետիսյանից

Շաբաթներ առաջ Արայիկ Խանդոյանի խրթին ու վատ ձևակերպված մի խոսքը բոլոր իրավունքները բոլոր հնարավոր ձևերով ոտնահարող հակահայ և հակամարդ գաղութային վարչակազմի քարոզչամեքենայի հատուկ գործողության շնորհիվ դարձել է մի կաթիլ մեղրի պատմություն:

Ստեղծվել է մի իրավիճակ, որի պարագայում ճիշտն ու սխալը, մեղավորն ու արդարը պարզելու բոլոր փորձերը միայն խորացնելու են պրոբլեմը:
Հայցում ենք իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանի և բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր համարում են, որ իրենց արժանապատվությանը վիրավորանք է հասցվել:

Միևնույն ժամանակ՝ իրավունքի պաշտպանության ջատագով քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ միմյանց քարկոծելու և վիրավորելու մղումներից:
Նման կերպ վարվելով, մենք սպանում ենք սիրո և համերաշխության ոգին, որ բոլորիս երազած ապագայի արարողն է և փոխարենը սնուցում ենք չարիքի արմատը, սնուցում ենք իրավունքը ոտնահարող ու մեզ ապագայից զրկող հակառակորդին:
Պարտավոր ենք հասկանալ, որ բազմաբնույթ ու բազմաշերտ պատերազմի մեջ ենք: Եվ որ հակառակորդը պատերազմի այս մի դրվագում կարողացավ օգտագործել մեր թերություններն ու թուլությունները և արդյունքի հասնել:

Պատերազմի ժամանակ այդպես լինում է: Մարդիկ նաև նյարդայնանում են, անհարկի հայհոյում ու հարվածում: Պատերազմի լեզուն թե՛ վարդ, և թե՛ փուշ ունի:
Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց և շարունակենք պայքարն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ:

Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման անունից