Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Հենրիկ Բարսեղյանի գործի դատական քննությունը:

Հենրիկ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում իր մոտ պահվող ապօրինի հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի մարդկանց սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում՝ «Մետաքս» թաղամասի հարևանությամբ գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում հնչել են կրակոցներ: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 երիտասարդներ՝ հիմնականում 27 տարեկան:

Բարեբախտաբար՝ վիրավորների կյանքը փրկվել է, այս միջադեպի արդյունքում ոչ ոք չի սպանվել:

Վիրավորներից՝ Վահագ Գևորգյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով, ներքին սուր արյունահոսությամբ:

Վլադիմիր Գևորգյանի և Արման Ավագյանի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ նրանք հրազենային վնասվածք էին ստացել ազդրի շրջանում:

Արման Սրապիոնյանի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ նա հրազենային վիրավորում էր ստացել ոտնաթաթի շրջանում:

Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել «Մետաքս» թաղամասում որպես «Կաբելչիկ Արթուրի որդիներ» հայտնի երկվորյակ եղբայրների՝ Հենրիկ Բարսեղյանի ու նրա եղբոր նկատմամբ: Հետագայում վերջինիս մասնակցությունը դեպքին ապացուցված չլինելու հիմքով գործի նրա մասը կարճվել է:

Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, հայտնաբերվել, կալանքի տակ է առնվել:

Գործի քննությամբ հաստատվել է, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Հենրիկ Բարսեղյանը միակ կրակողը չէր, երկրորդ կրակող է եղել: Բացահայտվել է, որ կրակոցներ արձակած երկրորդ երիտասարդը եղել է Արման Մարջանյանը՝ «Ճանճ» մականունով, ով նույնպես հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել: Նրա վերաբերյալ գործի մասի դատական քննությունը ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ արդեն ավարտվել է:

Արման Մարջանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված երկու հանցավոր արարքների համար էլ ու վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրող դատախազը Մարջանյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում…

Նույն փաստական հանգամանքներով նույն գործի մի մասով կայացված մեղադրական դատավճիռը, ինչ խոսք, բարդ կացության մեջ է դնում Հենրիկ Բարսեղյանին ու նրա պաշտպաններին: Սակայն Արման Մարջանյանի վերաբերյալ դատական ակտը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ներկայումս պաշտպանական կողմն այն բողոքարկում է վերաքննիչ ատյանում:

Ըստ մեղադրանքի՝ «Տոտոյում» կրակոցներ հնչել են ավելի վաղ Հենրիկ Բարսեղյանի ու Վահագն Գևորգյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով: 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Հենրիկ Բարսեղյանը Արման Մարջանյանի ու այլ անձանց հետ մուտք է գործել Երևանի Խորենացու փողոցում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ կրակոցներ են արձակել իրենց կողմից ապօրինի կրած ատրճանակներից ու չորս հոգու պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Բարսեղյանի, ինչպես և Արման Մարջանյանի դիտավորությունը եղել է սպանություններ կատարելը, սակայն նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանդիպելով տուժողների ակտիվ դիմադրությանը, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի…

Հենրիկ Բարսեղյանի գործով դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց գործով կենտրոնական վկաներից մեկը՝ Հենրիկ Բարսեղյանի մանկության ընկեր, նույն բակում մեծացած Արսեն Թ.-ն: Վերջինս ոստիկանության տեսուչ է:

Վկային նախագահողը բացատրեց՝ եթե ինչ-ինչ պատճառներով իր անվտանգության համար անհանգստանում է, նրա հարցաքննությունը դատարանը կարող է դռնփակ անցկացնել, ինչպես նաև պատկան մարմինների միջոցով, վկայի պաշտպանության միջոցառումների շրջանակներում, կարող են վկայի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր ձեռնարկվել:

Վկան չմիջնորդեց դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ, ոչ էլ անվտանգության երաշխիքների մասին հիշատակեց: Սակայն դատարանում հարցաքննության ընթացքում զգացվում էր, որ վկան գտնվում է որոշակիորեն հուզված վիճակում:

Վկան նշեց, որ ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանը, մյուս գործով ամբաստանյալ Արման Մարջանյանը, ինչպես նաև տուժողներից երկուսը իր մանկության ընկերներն են, համարյա նույն բակում են մեծացել, նույն դպրոցն են գնացել:

Դեպքի պահին ինքը ոստիկանության ուղեկցող գնդի ծառայող էր: Այդ ժամանակ ինքը հայրական տանը չէր բնակվում, այլ ընտանիք էր կազմել ու վարձակալությամբ բնակվում էր այլ հասցեում:

Դեպքի օրը ծառայության մեջ էր: Տուն վերադառնալով՝ իմացել է, որ Խորենացու վրա գտնվող «Տոտո»-ի գրասենյակում կրակոցներ են հնչել:

Գրասենյակի տնօրենը՝ տվյալ գործով տուժող Վլադիմիր Գևորգյանը, նույնիսկ իրեն հեռավոր բարեկամ է գալիս, բայց ազգակցական կապ չկա:

Ինքն իմացել է, որ կրակոցներից տուժել են չորս հոգի, այդ թվում՝ վերոհիշյալ Վլադիմիրն ու իրենց մանկության ընկեր Արման Ավագյանը:

Հաջորդ օրը ծառայությունից հետո գնացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ Վլադիմիրին ու Արմանին այցելության: Նրանք հակիրճ պատմել են՝ ինչ է պատահել: Իրենց փողոցում էլ արդեն խոսակցություններ էին տարածվել: «Նենց չի, որ ծերից ծեր ինչ-որ մեկն ինձ պատմել է դեպքի մանրամասները»,- ասաց վկա Արսեն Թ.-ն:

Հաջորդ օրը իրեն կանչել են ոստիկանության Էրեբունու բաժին: Հետո քննչական են կանչել ու հարցաքննել:

Վկան ասաց, որ հիվանդանոցում իրեն պատմել են, որ նախքան դեպքը Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, «Կովկաս» ռեստորանում «արա»-ով դիմելու պատճառով վիճել է Վահագի հետ: Դա է առիթ եղել, որ «Տոտո»-ի գրասենյակում դեպքի օրը կրակոցներ են հնչել:

Ըստ վկայի՝ հիվանդանոցում գտնվող տուժողներն իրեն չեն ասել՝ կոնկրետ ովքեր են կրակել: Բայց ընդհանուր գծերով ներկայացրել են, որ իրենք դիմադրել են՝ աթոռներով հարվածել են կրակողներին, նրանց «լարել են» գրասենյակից, հակառակ դեպքում իրենց բոլորին… կսպանեին:

Վկան դատարանում հաճախ օգտագործում էր «չեմ հիշում» արտահայտությունը, ասում էր, թե բավական ժամանակ է անցել: Միաժամանակ նա պնդեց, թե նախաքննական ցուցմունքները տալու ժամանակ ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրել, չի ազդել:

Միայն մի անգամ իր հայրն է հարցրել՝ ի՞նչ ես գրել ցուցմունքիդ մեջ: Ըստ վկայի՝ ինքը, ոստիկանական համակարգի աշխատող լինելով, ուրիշների, անգամ՝ իր հոր հետ գործերի վերաբերյալ չի խոսում, այս անգամ էլ նրա հարցին չի պատասխանել, ասել է միայն՝ ինչ տեղեկություններ ունեի, դա եմ գրել:

Վկան ասաց, թե չգիտի՝ ո՞վ կարող էր իր հորը դիմած լինել՝ իր նախաքննական ցուցմունքների հարցով:

Վկան հայտնեց, որ ինքը մասնակցել է «ճանաչման գործողության»: Խոսքը իրականում դեպքի վայրին հարակից տեսախցիկների տեսագրությունների զննության գործողությանը մասնակցության մասին էր: Այդ զննության ընթացքում վկան տեսագրված նյութերը դիտելով՝ տվել է անուններ՝ ովքեր են դեպքից առաջ գնում դեպի բուքմեյքերական գրասենյակ, ովքեր են դեպքից հետո այնտեղից հեռանում… Վկայի տված ցուցմունքները վարույթն իրականացնող մարմինը, այլ ապացույցների հետ, դրել է մեղադրանքի հիմքում: «Տեսանյութերում ինչ տեսել՝ այն եմ ասել»,- նշեց վկան:

Տեսանյութերից մեկում երևում է նաև վկայի եղբայրը, ում վերաբերյալ վկայի ցուցմունքներում ոչինչ ասված չէ: Վկան նշեց, թե քննիչին ասել է, որ տվյալ անձը իր եղբայրն է: Այլ հարցեր քննիչը չի տվել: Ըստ վկայի՝ իր եղբայրը կրակոցներից հետո է գնացել գրասենյակ: Քանի որ իրենք ու Վլադիմիրենք մոտ հարևաններ են, մեծերը տուժողներին տարել են հիվանդանոց, իր եղբայրն է բանալիով փակել գրասենյակի դուռը և բանալին տարել է Վլադիմիրենց տուն: Թե ինչ տոպրակ է դուրս բերել եբայրը գրասենյակից, վկան ասաց՝ չգիտի, «զիբիլ էր» երևի:

Երբ հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, պարզվեց, որ նա դատարանում խառնել է ժամանակագրությունը՝ դեպքի հաջորդ օրը նախ գնացել է հիվանդանոց, ապա հոկտեմբերի 27-ին ցուցմունք է տվել, հետո նաև մասնակցել է տեսանյութերի զննության գործողությանը:

Նախաքննական ցուցմունքներում վկան, վկայակոչելով տուժողների՝ հիվանդանոցում իրեն հայտնած տեղեկությունները, նշել է, թե «Տոտո»-ի գրասենյակ են անսպասելի մտել Հենդոն, նրա եղբայր Գևորգը, ինչպես նաև «Գևսիկ» մականունով ևս մի Գևորգ: Վլադիմիրը, ըստ վկայի, ասել է, թե իրենց բոլորին կարող էին սպանել, եթե իրենք չդիմադրեին: Վլադիմիրը իրենց վրա հարձակվողների մասին, ըստ վկայի, ասել է. «Նրանք միշտ մեզանից աբիժնիկ էին… Վահագից վառված էին…»: Վլադիմիրն ասել է նաև, թե իրենք շատ են օգնել Գևսիկին ու նրա մորը. «Կպատկերացնեի՞, որ զենքը կվերցնի ու կգա իմ վրա»:

Նախաքննության ժամանակ վկա Արսեն Թ.-ն առերես հարցաքննվել է տուժողներ Արման Ավագյանի ու Վլադիմիր Գևորգյանի հետ: Վերջիններս ասել են, թե Արսենի հետ դեպքի վերաբերյալ ոչինչ չեն խոսել:

Ըստ վկայի՝ ինքը զարմացած էր նրանց պահվածքից, այդ պատճառով մինչև «առ էսօր» այլևս ոչ մեկի հետ չի շփվում…

Նախաքննական ցուցմունքներից մեկում վկա Արսեն Թ.-ն նշել է, որ մի օր ՔԿՀ-ի մոտ տեսել է Արման Մարջանյանի եղբորը, ով հանձնուք էր տարել եղբորը հանձնելու: Ինքը նրան հարցրել է՝ ի՞նչ է անում ՔԿՀ-ի մոտ, իսկ Արմանի եղբայրն ասել է՝ ինչ-որ մարդիկ ախպորս վրա ցուցմունք են գրել… Ըստ վկայի՝ նա չի ասել՝ ովքեր են այդ «ինչ-որ մարդիկ»-ը:

Վկան նախաքննական ցուցմունքում նաև նշել էր, թե մի օր հայրը կանչել է իրեն ու ասել է, թե Հենդոյի հայր Արթուրը եկել էր իրենց նորոգման կետը ու դժգոհել էր, որ Արսենի տված ցուցմունքով իր որդիներ Հենրիկի ու Գևորգի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Արսենը հորն ասել է. «Ինչից տեղյակ եմ եղել, ասել եմ, ես ոստիկանության աշխատող եմ»:

Հայրն առաջարկել է հանդիպել Հենդոյի հոր հետ, բայց Արսենը հրաժարվել է, ասել է՝ ես ոստիկանության աշխատող եմ, ոչ մեկին պարզաբանելու բան չունեմ. «Այդ թեման այլևս չի շոշոփվել»,- հայտնել է վկան:

Տեսանյութերի զննության հետ կապված՝ վկան, ճանաչելով գրասենյակից հեռացող Արման Մարջանյանին, նկատել է, որ նրա ձախ ձեռքին պայուսակի պես մի բան կա: Հարցրել է Վլադիմիրին՝ գրասենյակից նոթբուք ե՞ն տարել: Վլադիմիրը պատասխանել է, թե Արման Մարջանյանի՝ «Ճանճի» ձեռքին ոչ թե նոթբուք է եղել, այլ «կլաչ» տեսակի պայուսակ՝ զենքի համար: Մարջանյանի գլխին էլ կապույտ կեպի է եղել, իսկ աջ ձեռքին եղել է ատրճանակի պես առարկա…

Ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հունան Բաբայանը հայտարարեց, թե կասկածներ ունեն վկա Արսեն Թ.-ի ցուցմունքների արժանահավատության առումով: Պաշտպանն ասաց, որ Արսեն Թ.-ն ականատես վկա չէ: Նրան որպես վկա հարցաքննել են, ու նա հայտնել է ուրիշներից լսած, ինչպես նաև տեսանյութերը դիտելուց հետո ստացած տեղեկություններ:

Պաշտպանը նշեց, որ ոստիկանության բաժնում մի քանի անգամ ապօրինի կերպով վկային «ցույց են տվել» գործով անցնող տեսանյութերը, այդ տեսանյութերը դիտելով՝ վկան ցուցմունքներ է տվել, նա ցուցմունքում նշել է անգամ տեսանյութերում ամրագրված ժամանակը՝ վայրկյանների ճշգրտությամբ, որը հիշել չէր կարող: Վկան չժխտեց, որ ցուցմունք տալու ժամանակ համակարգչի էկրանին տեսել է տեսանյութը ու այնտեղ ամրագրված ժամանակը…

Հավելենք, որ Արման Մարջանյանի գործով պաշտպանական կողմը նույնպես վիճարկում էր հատկապես այս վկայի՝ Արսեն Թ.-ի ցուցմունքների արժանահավատությունը, նրա ցուցմունքները անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդություն էլ էր արվել, սակայն Մարջանյանին դատող դատարանը Արսեն Թ.-ի ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու հիմքեր չի տեսել…

 Նյութի աղբյուրը՝ 1in.am