Ազգային ժողովի կողմից ընտրված Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ) հանդիպել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ, խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների մասին:

Ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք: Նրա խոսքով՝ Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:

Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների մասին, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:

Նորընտիր նախագահն այցելել է նաեւ «Սինոփսիս» եւ ծանոթացել ընկերության գործունեությանն ու գրանցած հաջողություններին: