ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ քաղաքական օրակարգը, ինչի մասին «Ելքում» խոսում են,    արհեստական է: Այս մասին նա նշեց այսօր «Ազատության» ուղիղ եթերում:

«Քաղաքական օրակարգը, ինչի մասին, որ իրենք խոսում են, դիցուք Նիկոլ Փաշինյանը, էդ օրակարգն արհեստական է, դա է պատճառը, որ ես այդպիսի զարգացման հեռանկարը համարում եմ ոչ այնքան ճիշտ։ Ես չեմ ուզում քննարկել ընդդիմության կոնսենսուսի լինել-չլինելու հարցը։ Սահմանադրական ճանապարհով երթ, ցույց ու հանրահավաք են ուզում, շատ լավ, բայց իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել, ի սկզբանե չի կարող լինել գաղափարի տեսանկյունից, նորից եմ կրկնում, Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին է»։

Հովհաննիսյանն ընդգծեց՝ երթեր, ցույցեր իրականացնելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է ևս, բայց իշխանափոխությունը որպես այդպիսին դրա սահմանադրական ճանապարհը ընտրություններն են, ոչ թե երթերը, ցույցերը և հանրահավաքները։

«Ես ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անցկացնելու հավակնություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական պրոցեսում չեմ նկատել որևէ քաղաքական ուժի կողմից՝ նվազագույնը խորհրդարանում հայտնված», — ասաց Ազգային ժողովի փոխնախագահը՝ շարունակելով. — «Ընտրությունների արդյունքում ձևավորվել է իշխանություն, որը ստացել է քվե, էդ քվեն իրացնելու համար իշխանությունն ունի լիազորություններ։ Վերանանք մի պահ անձերից, Հանրապետական կուսակցությունն իրավունք ունի վարչապետի պաշտոնում առաջադրել ցանկացած անձի, և վիճարկել ինքնին Հանրապետական կուսակցության այդ իրավունքը նշանակում է վիճարկել Հանրապետական կուսակցության իշխանություն լինելու և որպես իշխանություն իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը»։