Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի շարք ուսանողներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով բեկանել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, համաձայն որի աշխատանքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։

«Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել։ Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում.

1. Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին։

2. Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ։

3. Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։

Պարո՛ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք», — նշված է նախագահին ուղղված բաց նամակում։