Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը:

Irakanum.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունի ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ըստ ներկայացված հայտարարագրի:

Նախորդ տարի Ամիրյանը  չորս հողամաս է օտարել: Ըստ ներկայացված հայտարարագրի՝ հողամասերից երկուսը օտարվել են յուրաքանչյուրը 4.5 մլն դրամով, իսկ մյուս երկուսը՝ մեկը՝ 4 մլն, մյուսն էլ՝ 3 մլն դրամով:

Արմեն Ամիրյանը ընդհանուր առմամբ պատկառելի ունեցվածք ունի:  2017 թվականին Ամիրյանն ստացել է ընդամենը 6 մլն 463 հազար դրամ աշխատավարձ, բայց նրա տարեկան եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 83 մլն 242 հազար դրամ և 180 հազար դոլար: Նշված 180 հազար դոլարը նախարարն ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 76 մլն դրամ էլ Ամիրյանը նախորդ տարի որպես շահաբաժին է ստացել: Եվ 120 մլն դրամ նախորդ տարի Արմեն Ամիրյանը փոխառություն է վերցրել:

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը նախորդ տարվա պաշտոնն ստանձնելու հայտարարագրով զարմացրել էր հանրությանը, նա 5 անհատական բնակելի տուն էր հայտարարագրել, երկու հասարակական նշանակության շինություն, երեք հողամաս, «NISSAN ALTIMA 2.5» մակնիշի մեքենա:Ի դեպ, նախարար դառնալուց հետո Արմեն Ամիրյանի ստացած շահաբաժիններն ավելացել են, եթե 2016 թվականի տարեկան հայտարարագրում նա տարեկան ստացել էր 16 մլն դրամ շահաբաժին, ապա 2017-ի հայտարարագրում դա կազմել է 76 մլն դրամ:

Նշենք, որ Արմեն Ամիրյանը Մշակույթի նախարարի պաշտոնում փոխարինեց Հասմիկ Պողոսյանին: Շատերը լավատես էին, թե այս փոփոխությունը զգալի դերակատարություն կունենա մշակույթի ոլորտի համար՝ դրական առումով: Սակայն սպասելիքները չարդարացան: Փոխարենը Ամիրյանի ունեցվածքն ավելացավ:

Irakanum.am