Շիրակի պետական համալսարանում տեւական ժամանակ  կրքերը չէին հանդարտվում: Բուհի արդեն նախիկին երկու դասախոսներ պարբերաբար բարձրաձայնում էին իրենց խոսքով համալսարանի Հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանի կատարած ապօրինությունների մասին: Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանն այսօր գործազուրկի կարգավիճակում են: ՀՀԿ-ական ռեկտորը նրանց աշխատանքից ազատել է: Կրթության եւ գիտության Դաշնակցական նախարարն իզորու չեղավ կանխելու ՀՀԿ-ական ռեկտորի ապօրինությունները: Պատճառն առավել քան ակնհայտ է: Սահակ Մինասյանը Հանրապետական է, որին ենթարկվում է Դաշնակցությունը, իր նախարարներով եւ մարզպետներով հանդերձ:

Աշխատանքից ազատված դասախոսները Կրթության նախարարություն չեն դիմել, քանի որ պնդում են, թե շատ խախտումներ նախարարություն ինքն արձանագրել է, սակայն նույնիսկ նկատողություն չի արվել ռեկտորին: Ավելին` դասախոսները համոզված են՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը սատարում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին, որն աշխատակիցներին անօրինական հեռացրել է աշխատանքից:

Սահակ Մինասյանն առհասարակ պատահական մարդ չէ ՀՀԿ-ում: Նա տարիներ շարունակ եղել է Շիրակի մարզպետարանի կրթության եւ վարչության պետը: Շիրակում մարզպետները հաճախակի էին փոխվում, Սահակ Մինասյանն անփոփոխ էր, գրեթե նույնքան որքան Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Շիրակցիներին քաջ հայտնի է, որ դպրոցներում տնօրենների եւ մանկավարժների նշանակումը չէր կարող տեղի ունենալ առանց Սահակ Մինասյանի կաբինետն անցնելով: Հիմա այդ առաքելությունը դրված է Մինասյանի սանիկի վրա:

Հետո Սահակ Մինասյանը ծառայություն մատուցեց մեկ այլ ՀՀԿ-ականի: Խոսքը Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Արման Սահակյանի մասին է, ում նախընտրական շտաբի պետն  էր ինքը՝ Մինասյանը:

Բուհի երկու դասախոսների բարձրաձայնումներն ու չարաշահումների մասին հրապարակումները մնացին օդից առկախված: Սահակ Մինասյանը գտավ հարցի լուծումը: Նա ոտնահարեց երկրի կրության եւ գիտության համակարգը:

Դասախոսները զոհն են հերթական անարդարության, որը նոր չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Իշխող ՀՀԿ-ին անհրաժեշտ են կրության ոլորտի այնպիսի մասնագետներ, ովքեր պարտադիր հանրապետականացվելու են, կրելու են ՀՀԿ-ի «զնաչոկն» ու ընտրությունների ժամանակ իրենց համար ձայներ են ապահովելու: Այլ տարբերակ ՀՀԿ-ն չի թողնում մանկավարժին ու դասախոսին: Շատերն են ընդունել խաղի այս կանոնները, մյուսներն ովքեր ըմբոստանում են, բարձրաձայնում իրականությունը, տեղ չունեն համակարգում: Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսների պարագայում տեղի ունեցավ երկրորդը: Նրանք համատարած մարտնչող տգիտության պարագայում այլ ելքի հասնել չէին կարող:

Սա ոչ թե Սահակ Մինասյանի հաղթանակն էր, այլ կրթության ոլորտի պարտությունը:

Փայլակ Ֆահրադյան