Ի պատասխան 2017թ. դեկտեմբեր ամսվա Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատվիրակության Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք կազմակերպությունների աշխատանքային այցին, սույն թվականի մարտի 15-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) տնօրեն ԲագրատԵնգիբարյանն աշխատանքային այցով ժամանել են Արցախ:

Պատվիրակությանը ընդունեց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Նախարարը ողջունելով հայաստանյան գործընկերներին շնորհակալություն հայտնեց շարունակական համագործակցության համար.«Մենք միշտ բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը, և այսօր արդեն Արցախում մենք կփորձենք ներկայացնել ձեզ ինչ ենք արել մեր վերջին հանդիպումից հետո և նախանշենք հետագա անելիքները առաջիկա ամիսներին: Կփորձենք ներկայացնել ձեզ նաև օրինագծերի փաթեթը, որը որ մենք ներկայացրել ենք Կառավարության քննարմանը, կցանկանայինք լսել նաև օրինագծերի մասով Հայաստանում կատարված աշխատանքների փորձը»:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին աշխատանքային այցն է կատարում Արցախ, այնինչ նրա հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի.«Մենք Արցախի հետ համագործակցում ենք արդեն երկար տարիներ, դեռևս 2009թ. տարրաբնույթ տեխնոլոգիական ոլորտի ծրագրեր ենք իրականացնում և եղել է շփումը տեղի երիտասարդության հետ, ինֆորմատիկայի ուսուցիչների հետ: Այսօր շատ ուրախալի է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն հզորացնել, զարգացնել ոլորտը և Հայասատանի փորձը բերել դեպի Արցախ, այն է կրթություն – բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կանխմանն ու նաև հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ»,-ասել է Ա. Եղոյանը:

Իսկ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը փորձելով համեմատել Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջին տարիներն ու ներկան հայտնեց.«Եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, այսօր արդեն կարող ենք նշել, որ առաջին քայլերն շատ հաջող են իրականանում: Մենք ունենք արտասահմանյան կապիտալով ստեղծված կազմակերպություններ, որտեղ որ աշխատում են եռեսունից ավել մասնագետներ և դա ոգևորում է ոչ միայն Կառավարությանը այլ նաև երիտասարդ սերնդին, որ Արցախում կարելի է ապրել, աշխատել, ստանալ շատ բարձր աշխատավարձ և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով»:

Պատվիրակության հաջորդ կանգառն Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն էր: