ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

Շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրման կապակցությամբ, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տարբեր կառույցներում աշխատելու տարիներին, կարեւորել նախկին պատգամավորի՝ իր փորձը սերունդներին փոխանցելու եւ աջակցելու պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան երկար տարիների կյանք եւ քաջառողջություն:

Մարզպետունի Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, նշել է, որ միաժամանակ հպարտ է եւ հուզված. «Ապրել եմ՝ ապրեցնելով, փորձել եմ գործով ապացուցել իմ ազգին եւ գաղափարներին նվիրված լինելը»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է. «Մարզպետունի Մարգարյանը հարգված անձնավորություն է Գյումրիում: Մեծերին պիտի հարգել, որովհետեւ կյանքը նրանց դարձնում է իմաստուն եւ ավելի զգուշավոր: Տարբեր երկրներում կիրառում են մեծերի փորձը, համագործակցում նրանց հետ՝ ի շահ երկրի բարօրության»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը նույնպես շնորհավորել է Մարզպետունի Մարգարյանին՝ նշելով, որ անգնահատելի է ՀՀ Գերագույն խորհրդի եւ նախկին պատգամավորների դերը Երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ճանապարհին:

«Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին հասարակական կազմակերպության անդամների անունից եւ ընդգծել նախկին ու ներկա ԱԺ պատգամավորների համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւորությունը: ՀԿ անդամների անունից նա պատրաստակամություն է հայտնել մասնակցելու խորհրդարանում անցկացվող միջոցառումներին: