Երեկ՝ մարտի 13-ին, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված նախորդ ամսվա ընթացքում պաշտպանության բանակի ԱՀՏԱ ոլորտում իրականացված համալիր գործընթացների արդյունքների ամփոփմանը, որին մասնակցում էին ՊԲ միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպայակազմը, սերժանտական խորհուրդների նախագահներն ու գնդերեցները: Խորհրդակցության առաջին հատվածում սերժանտական խորհրդի նախագահները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ անդրադառնալով ոչ միայն արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, այլև նշելով նաև այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ շարունակվում են իրականացնել հետևողական աշխատանքներ: Խորհրդակցության երկրորդ հատվածում ներկայացվել են հաշվետու զեկույցներ, ինչպես նաև քննարկվել են այն գործընթացները, որոնք ծրագրված են կյանքի կոչել այսուհետ: Հավաք-խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկաներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ և խրախուսել առավել աչքի ընկած սերժանտներին ու սպաներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն