Օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, «Ռազմինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ուզում եմ ձեզ առաջինը հայտնել այն մասին, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ և սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երևանում», — ասել է Վիգեն Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ ևս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա, ըստ նախարարի, կարևոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։

«Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն», — տեղեկացրել է պաշտպանության նախարարը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։