Նախորդ տարի սեպտեմբերի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին  ժամանել Սփյուռքի հարյուրավոր մեր հայրենակիցները: Հավաքը վարել է ամենայն Հայոց «մայրենիի դեսպան», հաղորդավար  Ավետ Բարսեղյանը,ով կարողացել է ողջ ընթացքը վերածել վերջին ժամանակների հայաստանյան քեֆերի և հարսանիքների միջավայրի, ինքն էլ դառնալով այդ քեֆ-ուրախության թամադան: Իսկ վերջում,  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  մեդալների իր արկղից նախարարության մեդալ է շնորհել  ամենայն Հայոց «մայրենիի դեսպան» Ավետ Բարսեղյանին:

Հրանուշ Հակոբյանը մեդալ է տվել մի անձի, ով օրեր առաջ հարկատուների գրպանից սնվող հեռուստաընկերությունում ծաղրում էր իրեն: Խոսքը նույն Ավետ Բարսեղյանի մասին է: Գարիկ Պապոյանը եւ Արամ MP3-ին Հ1-ով տեւական ժամանակ է վարում են «Լավ երեկո» ժամանցային հաղորդումը: Թե որն է այդ հաղորդման այսպես ասած գաղափարը, եւ ինչ են անում հաղորդավորները հրավիրված հյուրերի հետ, թերեւս մեկնաբանելու կարիք չկա, զուտ այն պատճառով, որ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել: Թերեւս նշենք միայն այն հանգամանքը, որ այդ հաղորդման վերջին թողարկումը հանրային լայն դժգոհության եւ քննադատության տեղիք է տվել:

Նախորդ ուրբաթ Գարիկն ու Արամը հյուր էին հրավիրել հաղորդավար Ավետ Բարսեղյանին: Հաղորդման ընթացքում Ավետը պետք է անցներ «փորձություն»: Նա կամ պետք է փնովեր, կամ գովեր այս կամ այն անձին: Լուսանկարներում կային քաղաքական դեմքեր: Երբ Բարսեղյանին ցույց են տալիս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի լուսանկարը, նա այսպես է արձագանքում. «Կին, ով ինձ հանձնեց մի մեդալ, որը կոչվում էր մայրության…. (ու սկսում է ծիծաղել) »: Հետո Բարսեղյան Ավետ հաղորդավարն ուղղում է ինքն իրեն, ասելով, որ Հրանուշ Հակոբյանը իրեն շնորհել է «մայրենիի դեսպան» մեդալը:

Հետաքրքիր է ինչ դիրքորոշում կունենա Հրանուշ Հակոբյանը այս ամենի վերաբերյալ: Արդյո՞ք նրան դուր կգա ծաղրը իր հասցեին:

Տեսակետները թե հաղորդման ձեւաչափն է այդպիսին, եւ որ այն հումորային է, բնավ չի նշանակում, որ կարելի է ուղարկել օրինակ լրագրողին քրեակատարողական հիմնարկ, տալ միկրոֆոնը ձեռքին եւ հանձնարարել «ղժժալ» ազատությունից զրկված կանանց վրա: Ի վերջո Արամն ու Գարիկը, այդ թվում են հաղորդավար Ավետ Բարսեղյանը դժվար թե եթեր հեռարձակեին օրինակ ՀՀԿ կանանց կիքսերը, ինչպես դա արեցին «Միսս Հայաստան 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանի պարագայում: Նրանց այդ քայլը չէր ներվի: Ցանկացած աննշան վրիպման դեպքում Արամը, Գարիկն ու Ավետը կհամալրեին գործազուրկների շարքերը:

Irakanum.am