Այսօր կեսօրից հետո, Թեհրանի «Կինոյի տան» մոտ, ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների ու հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ, կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի վերջին հրաժեշտը, այնուհետ դին տեղափոխվեց հայոցգերեզմանատուն, ուր և հուղարկավորումից հետո հողին հանձնվեց:

Իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանին, Մարտի 10-ին, սրտի կաթված էր ստացել «Մթության հարսնացուն»հեռուստասերիալի նկարահանման ժամանակ եւ տեղափոխվել էր հիվանդանոց, ուր և կնքեց իր մահկանացուն։

Լևոն Խանգյալդյանը իրանական թատրոնում և կինոյում աշխույժ դերակատրության ու նաև իր բարի ու մտերիմ բնավորության պատճառով հարգված դերասան էր:

Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանը ծնվել է 1966 թվականին, Թեհրանի Հեշմաթիե, երբեմնի հայաբնակ քաղաքամասում: Նա ավարտել էր Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետը ու նաև Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան:

Վերջին տարիներում Լևոնը ավելի աշխույժ մասնակցություն է բերել Իրանի կինոյում: Նա որպես դերասան հանդես է եկել «Սիրո փողոցներում» (1990), «Ճարպի դողացնողը» (2012), «Փարվիզ» (2012), «Միակողմանի փողոցի բնակիչները» (2014), «Մարդը, որ ձի դարձավ» (2014), «Ռոմանտիկ կողոպուտ» (2015), «Չարտոնված» (2015), «Դրակուլա» (2015), «Քուփալ»(2016), «Ներխուժում» (2016), «Կեղտոտ գործ» (2017) և այլ ֆիլմերում:

Լեւոն Խանգյալդյանը բեմադրել է շատ պիեսներ, որոնցում նաև ինքը հարթակ է դուրս եկել որպես դերասան, այդ շարքում՝ Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այնտեղ», Հարոլդ Փինթերի «Սիրահարը», Լուիջի Փիերանդելոյի «Երազ եմ տեսմում, չե՞մ տեսնում», Անտուան Չեխովի «Ճայը», Լուիջի Փիերանդելոյի «Գուցե երազ», Հրաչ Տարոնյանի «Կիրակի», Բրայան Ֆրիլի «Յալտայի խաղը» ու նաև շատ այլ պիեսներ:

Նա 2014-ին լավագույն դերասան է ճանաչվել Դաքքայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմը 2013 թվականին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ծիրանի»:

Բացի այդ, Լեւոն Խանգյալդյանը լավագույն դերասանի կոչման է արժանացել նաև 2017 թվականին Համիլթոնի միջազգայինկինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում իր դերի համար: