»»Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների գործադիր մարմինների սերտ համագործակցությունը կնպաստի ճապոնական կապիտալի ներգրավմանը հայաստանյան շուկա:

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Այդ համատեքստում, կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար և հավելել, որ այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

2018-06-19T23:36:38+00:00 Հունիսի 19 23:41|Հասարակություն|0 Comments