»»Ոստիկանությունը համապատասխան ծառայություն է իրականացնելու աշխարհի առաջնության ողջ ընթացքում. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունը համապատասխան ծառայություն է իրականացնելու աշխարհի առաջնության ողջ ընթացքում. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Նա մասնավորապես հայտնում է. «Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որ մեծագույն տոնն է բոլոր ֆուտբոլասերների համար: Եվ չնայած Հայաստանը չի մասնակցում առաջնությանը, այդ հրաշալի խաղը սիրելու ու վայելելու հարուստ ավանդույթներ ունենք, որոնք շարունակաբար արդիականանում են:

Մասնավորապես, ինչպես աշխարհի շատ երկրներում, ֆուտբոլասիրությունը բնակարաններից տեղափոխվում է սրճարաններ, գարեջրատներ, հատուկ բացօթյա տարածքներ, որտեղ մեծ էկրանների առաջ հավաքված հարյուրավոր մարդիկ երկրպագում են իրենց սիրած հավաքականներին: Ֆուտբոլային խաղերի դիտումն, ըստ էության, ընտանեկան միջոցառումից հաճախ վերածվում է հանրային իրադարձության, ինչը, ցավոք, կարող է նաև բացասական դրսևորումներ ունենալ:

Օրինակ, խաղը դիտելուն զուգահեռ ոգելից խմիչքի օգտագործումը, ախոյան թիմերի երկրպագուների հանդիպումը նույն տարածքում, ոգևորության կամ հիասթափության հակահասարակական արտահայտությունները և այլն: Ոստիկանությունն, իհարկե, համապատասխան ծառայություն է իրականացնելու աշխարհի առաջնության ողջ ընթացքում, բայց առաջնայինը մեր հանրության իրավագիտակցությունն է, ուստի հորդորում ենք բացառել նման դրսևորումները, հետևել համակեցության կանոններին և աջակցել ոստիկանությանը հասարակական կարգի պահպանման գործում: Մարզական գեղեցիկ ժամանց ու հաղթանակներ ենք մաղթում մեր համաքաղաքացիներին»:

 

 

2018-06-14T19:59:19+00:00 Հունիսի 14 19:58|Իրավական|0 Comments