»»«Մարար Թրեյդ» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը․ ՊԵԿ

«Մարար Թրեյդ» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը․ ՊԵԿ

ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության ու օպերատիվ հետախուզության վարչությունների կողմից 2018թ.-ին հունիսի 12-ին ստացված հաղորդման հիման վրա, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 19-րդ բաժնում հաշվառված, «Մարար Թրեյդ» ՍՊ ընկերության վերաբերյալ փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 2014-ի դեկտեմբերի 8-ին և 2017թ-ի փետրվարից սկսած զբաղվել է ավտոգազալցման գործունեությամբ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս հասցեում: Հսկիչ դրամարկղային մեքենան գրանցվել է 2017-ի հունվարի 27-ին: Ընկերության հիմադիրը և տնօրենը հանդիսացել է Ալբերտ Աբրահամյանը:

Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ստացված տվյալների, ընկերությանը 2017թ.-ի փետրվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում մատակարարվել է 2.131.600 խ.մ. բնական գազ, իրացվել է 2.053.760 խ.մ., իսկ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում  մատակարարվել և իրացվել է 716.000 խ.մ. բնական գազ:

Ընկերությունը 2017թ-ի ընթացքում աշխատել է հաստատագրված վճարով, իսկ 2018թ-ի հունվար ամսից սկսած՝ ընդհանուր հարկման դաշտում որպես ԱԱՀ վճարող: Ընկերության կողմից 2017թ.-ի փետրվար-դեկտեմբեր և 2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին 1 խմ գազի միջին վաճառքի գինը ցույց է տրվել 200 դրամ: Նույն ժամանակաշրջանների միջին օրական ֆիսկալային շրջանառությունը՝ 2017թ.-ի փետրվար-դեկտեմբեր ամիսներին ցույց է տրվել 945.884 դրամ, իսկ 2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսների համար՝ 1.033.608 դրամ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա ընկերությունում նշանակված հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման և չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգման ընթացքում պարզվել է, որ 2018թ. հունիսի 7-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ ընկերությունում ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կանոնների պահպանման նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ միջին օրական գործարքների քանակը կազմել է շուրջ 600,  միջին օրական ֆիսկալային շրջանառությունը՝ 2 միլիոն դրամ, իսկ 1 լիցքավորման (գործարքի) միջին արժեքը 3200 դրամ: Բացի այդ, ստուգման ընթացքում պարզվել է նաև, որ ընկերության կողմից 1 խ.մ. սեղմված բնական գազը փաստացի սպառողին վաճառվում է 190 դրամով, իսկ ՀԴՄ-ով արտացոլվում է 1 խ.մ. 200 դրամ: Գանձապահի կողմից ՀԴՄ-ի կտրոն տպելիս՝ 190 դրամով հաշվարկվում է լիցքավորված գազի արժեքը, ստացված արժեքը բաժանում է 200-ի և ՀԴՄ է մուտքագրվում ավելի պակաս ծավալ, քան իրականում իրացրել է:

Նշված միջին օրական շրջանառության և պակաս հայտարարագրվող իրացված գազի ծավալի պայմաններում ստացվում է, որ ընկերության կողմից վաճառվում է լրացուցիչ բնական գազ, որի ստացման աղբյուրն անհայտ է: Արդյունքում ընկերության կողմից լրացուցիչ վաճառվող գազի ծավալները չհայտարարագրելու պայմաններում նախնական հաշվարկներով 2017թ.-ի համար հաստատագրված վճարի և ակցիզային հարկի գումարը պակաս է հաշվարկվել շուրջ 29 միլիոն դրամի չափով, իսկ 2018թ.-ի 4 ամիսների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարը պակաս է հաշվարկվել շուրջ 25 միլիոն դրամի չափով` ընդհանուր 54 միլիոն ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ ՊԵԿ կազմակերպման և հսկողության ու օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն, «Մարար Թրեյդ» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը, ուստի ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում, 2018-ի հունիսի 13-ին հարկը առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

2018-06-13T22:54:15+00:00 Հունիսի 13 22:54|Իրավական|0 Comments