»»»ՊՆ-ն ու Կառավարության աշխատակազմը թաքցնում են թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը

ՊՆ-ն ու Կառավարության աշխատակազմը թաքցնում են թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը

«Միանշանակ է, որ դրական  փոփոխություններ առկա են, մասնավորապես տխրահռչակ օրենսդրական նորմերը, որոնք նախատեսում էին կառավարության նիստերի  դռնփակությունը  կյանքի չկոցվեցին։ Ընդամենը մեկ նիստ եղավ դռնփակ, դրանից հետո բոլոր նիստերին ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Բայց իհարկե չէի ուզենա, որ նոր կառավարությունը կանգներ այս  ձեռքբերման վրա, եւ համարեր, որ խնդիրն արդեն լուծված է, եւ այլեւս բարեփոխելու, հասարակություն- կառավարություն հաղորդակցությունը էլ ավելի բարելավելու կարիք չկա»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով կառավարության լրատվական գործունեությանը։

Հիշեցնենք, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը կառավարությունը մշակել էր օրենսդրական նախաձեռնություն, որով կառավարության նիստերը դռնփակ են լինելու։ Սա առաջացրել էր ԶԼՄ ներկայացուցիչների, ինչպես նաեւ լրագրողական կազմակերպությունների դժգոհությունը։

Շուշան Դոյդոյանը միաժամանակ հայտնեց, որ դեռեւս առկա են որոշակի խնդիրներ։ «Հատկապես վերջին  շրջանում կառավարությունը իր գրեթե բոլոր որոշումների մասին նախընտրում է առաջին հերթին հայտնել սոցիալական ցանցերի միջոցով, եւ որոշ դեպքերում մոռանում է, որ այդ նույն տեղեկատվությունը պետք է տեղ գտնի նաեւ պաշտոնական կայքում»,- ասաց Դոյդոյանը, հավելելով, որ վարչապետի գրասենյակը սովորաբար սահմանափակվում է տեղեկատվությունը սոցիալական ցանցերում տարածելով։ «Հարցազրույցից առաջ ես նորից նայում էի կառավարության պաշտոնական կայքը, լուրջ խնդիրներ կան։  Լրատվամիջոցները չեն կարողանում  պատշաճ հղում անել, այս կամ այն տեղեկատվությունը, որի մասին լսել են լրատվամիջոցները չեն կարող ստուգել, որքանով է իրականությանը մոտ»,- ասաց «Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի տնօրենը։ Ըստ նրա բոլոր նշանակումների մասին առաջինը իրազեկվում են սոցիալական ցանցերից։ Բացի այդ Շ․ Դոյդոյանը բարձրաձայնում է մեկ այլ խնդիր։ Խոսքը թափուր հաստիքների մասին տեղեկատվության հրապարարկան բացակայությունն է։ «Պետական մարմինների 50-60տոկոսից ավելին այս տեղեկությունները պարզապես  չի հրապարակում պաշտոնական կայքերում, ինչը փաստորեն հակասում է Տեղեկատվության ազատությանն մասին օրենքին եւ հարակից օրենքներին։ Քանի, որ էական փոփոխություններ են արվում, մենք  հարցում ենք արել, թե արդյո՞ք հրապարակվում է թափուր պաշտոնների մասին տեղեկատվություն, ոչ միայն կառավարությունում, այլ մյուս գերատեսչություններում»,- ասաց Դոյդոյանը, հավելելով, որ պատկերն այս առումով  բավականին տխուր է։ Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ իրենք նաեւ հարցում են իրականացրել։ Գերատեսչությունները հիմնականում տվել են պատասխաններ, որոնք սակայն գոհացնող չեն եղել։ «Ընդհանուր նշում էին, թե այսքան թափուր հաստիք ունեն եւ վերջ։ Ասեմ նաեւ, որ Պաշտպանության նախարարությունը ընդհանրապես  մերժեց տրամադրել տեղեկատվություն, թե կան թափուր հաստիքներ,  նշելով, որ այն պարունակում է պետական գաղտնիք, ինչը եւս վիճարկելի է, քանի, որ ոչ բոլոր հաստիքները կարող են սպառնալ ազգային անվտանգությանը»,- նշեց նա։ Երկրորդ մարմինը, որը հրաժարվել է առհասարակ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն տրամադրել, դա Կառավարության աշխատակազմն է։ «Մյուս նախարարությունները մեզ գոնե որոշակի ինֆորմացիա տվել էին թափուր հաստիքների մասին, բայց կառավարությունը, որը գրեթե ամեն օր մի քանի նշանակում է անում, օգնականներ, խորհրդականներ, ռեֆերենտներ, այդ մասին մեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ քանի, որ  դեռեւս կառավարությունը ձեւավորման փուլում է, մենք այդ մասին տեղեկատվություն տալ չեն կարող»,- ասաց նա։

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հանդիպում էր կազմակերպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է ոլորտի խնդիրներից։ Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել կառավարության ղեկավարի պաշտոնում, մի շարք լրագրողական ՀԿ-ների կողմից եղել է առաջարկություն կազմակերպել հանդիպում, որտեղ կքննարկվեր ոլորտի խնդիրները։ Մինչ այս պահը այդ հանդիպումը տեղի չի ունեցել։ «Լիահույս ենք, որ կլինի այդ արձագանքը, ըստ առաջներթությունների»,- Շուշան Դոյդոյանը։

Փայլակ Ֆահրադյան