», Քաղաքականություն»«Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով». Զոհրաբ Մնացականյանը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ (տեսանյութ)

«Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով». Զոհրաբ Մնացականյանը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Հարգարժա՛ն Սերգեյ Պավելի,
Նախևառաջ, ևս մեկ անգամ,
բարի գալուստ Հայաստան։
Տիկնայք և պարոնայք
Սիրելի՛ ընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ռուս ազգին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Այս օրը ռուս ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր հայրենիքին․ հազարամյա պատմություն և յուրօրինակ մշակութային ժառանգություն ունեցող երկիր, որն ահռելի տարածության վրա միավորել է բազմաթիվ ազգեր, մշակույթներ և ճակատագրեր:

Այս տոնի ժողովրդականության մասին է վկայում նաև այն փաստը, որ ռուս ժողովուրդն այն տոնում է ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս՝ ընկերների շրջապատում, և ինչպես տեսնում եք այսօր՝ ընկերների այդ շրջապատը բավականին մեծ է:

Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով, որի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմակողմանի միջպետական հարաբերությունները՝ վստահորեն զարգանալով դաշնակցային համագործակցության հունով: Այս ռազմավարական ուղղությունն անշեղորեն զարգանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով և դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրով ամրագրված սկզբունքների հիման վրա:

Հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, աչքի են ընկնում բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքականության լայն համադրմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ: Ինտենիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ընդլայնվում է արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, նորարարական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեցտարի նոր թափ են առնում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է համագործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը:

Մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրում ունեն Ռուսաստանում հայ համայնքը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուսները, ովքեր դարձել են մեր պետություններն և ժողովուրդներին իրենց ճակատագրերով, դրանց միահյուսվածությամբ իրար կապող կարևոր կենդանի կամուրջ։

Կցանկանայի երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ: Ովքեր իրենց ամենօրյա ոչ միշտ բարձրաձայնվող աշխատանքի շնորհիվ փորձում են հարստացնել Այն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ռուսաստանյան հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ բոլոր ներկաներին առողջություն և հաջողություն, Ռուսաստանին և ողջ ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

ՀՀ ԱԳՆ

2018-06-12T22:46:10+00:00 Հունիսի 12 22:46|Տեսանյութեր, Քաղաքականություն|0 Comments