», Քաղաքականություն»Թեժ բանավեճ՝ կառավարությունում. «Ինքս էլ դեմ եմ եղել դրան, երբ պատգամավոր էի, բայց հիմա կառավարության անդամ եմ, և պետք է հստակ գնահատել իրավիճակը»

Թեժ բանավեճ՝ կառավարությունում. «Ինքս էլ դեմ եմ եղել դրան, երբ պատգամավոր էի, բայց հիմա կառավարության անդամ եմ, և պետք է հստակ գնահատել իրավիճակը»

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության արտահերթ նիստում ևս մեկ անգամ կրկնեց՝ կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգն իրենց առաջիկա մարտահրավերներից մեկն է:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները: Վարչապետը նշեց՝ իրենք մի քանի ընտրություն ունեին՝ չեղյալ անել համակարգը, բայց հասկացել են, որ չեն կարող գնալ այդ քայլին, քանի որ շուրջ 120 մլրդ դրամ կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում, և չեղյալ անելու դեպքում երկու բացասական արդյունք կլիներ՝ այդքան գումարը դուրս կգար տնտեսությունից և աշխարհում հսկայական հեղինակություն ունեցող կառավարիչների գործունեությունը կասեցնելուց հետո դժվար կլիներ մարդկանց համոզել ներդրումներ անել մեր տնտեսությունում:

Ն.Փաշինյանի կարծիքով՝ կասեցումը նաև անարդար կլիներ համակարգի 200 հազար մասնակիցների հանդեպ, որոնք հետաձգման դեպքում պետք է շարունակեին վճարել: Վարչապետը նշեց, որ փոփոխությունը բոլորի համար է, և նախկին վճարող քաղաքացիները նույնպես օգոստոսից 2.5% կվճարեն, մնացած 7.5% կվճարի պետությունը: 80 հազար քաղաքացիների ներգրավումը համակարգում վարչապետն անվանեց ամենապակաս ցավոտ լուծումը և հիշեցրեց, որ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն՝ չեն կորցնում:

Օրենսդրական այս փոփոխության հետ կապված վիճաբանություն ծավալվեց Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև:

Ա.Մինասյանը կասկած հայտնեց տնտեսությունում ներդրված միջոցների արդյունավետության կապակցությամբ:

Նա հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, և այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է. «Բայց ես՝ որպես մարդ, որ Սահմանադրական դատարանում կարողացել է ապացուցել համակարգի մի շարք բացերը և նաև, որ համակարգը պետք է վերափոխվեր, այս պահին դժվարությամբ ենք կարողանում գնահատել՝ արդյո՞ք ՍԴ որոշումները կատարվել են, ռիսկերը վեացվել են, թե՞ ոչ»:

«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր չե՞ն հասկանում, որ դա պարտադրված լուծում է»,- հարցադրում արեց վարչապետը: Ա.Մինասյանը նշեց, որ շատ ավելի լավ լուծում կարելի էր բերել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես՝ որպես վարչապետ, և կառավարությունը՝ որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում ենք և համոզված ենք, որ սա քայլ է, որ պետք է լուծենք՝ առաջ գնալով, ոչ թե՝ հետ գնալով: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն»:

Ա.Մինասյանի դիտարկմանը, որ, եթե ինքը կողմ քվեարկի, կնշանակի, որ կողմ է պարտադիրի ներդրմանը, և կնշանակի՝ դեմ դուրս գալ սեփական համոզմանը:

Ն.Փաշինյանը հակադարձեց, որ ինքն էլ է դեմ եղել դրան, երբ պատգամավոր էր, բայց հիմա կառավարության անդամ է, և պետք է հստակ գնահատել իրավիճակը, և եթե իրենք պատասխանատվություն են ստանձնում, ապա պատասխանատվություն են ստանձնում:

Տեղեկացնենք՝ նախագիծն ընդունվեց միաձայն:

2018-06-11T20:47:29+00:00 Հունիսի 11 20:47|Տեսանյութեր, Քաղաքականություն|0 Comments