»»»Առաջին խոշոր բախումը կառավարությունում

Առաջին խոշոր բախումը կառավարությունում

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տեղի ունեցած բանավեճը, որն ավելի շատ վիճաբանության էր նման ըստ էության ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին առավել քան արագ գնալու խնդիր ունի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում ՀՅԴ-ն յուրային չէ, զուտ այն տեսանկյունից, որ ՀՅԴ-ն մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մաս կազմելը, հասցրել է լինել ՀՀԿ-ի քաղաքական գիծը տանող ուժ։

Նիկոլ Փաշինյան խնդիր ունի միանձնյա  իշխանություն ձեւավորելու, եւ որքան արագ՝ այնքան կնվազեն իր դեմ ընդզվումները հենց կառավարության կազմում։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում թեժ բանավեճ է բռնկվել կուտակային կենսաթոշակի հարցով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև։

Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, եւ որ ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին, որով հուլիսի մեկից ներդրվում է կուտակային բաղադրիչը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է․ «Կառավարության անդամները պետք է դեմ չքվեարկեն այս նախագծին։ Ովքեր այս պարտականությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։ Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ իրենք այլեւս խորհրդարանական ընդդիմություն չեն, այլ կառավարության անդամներ։ «Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին: Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն սկզբունքայինի և պակաս սկզբունքայինի»,- ասել է Փաշինյանը։

Մյուս կողմից այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի դիտարկումներն ու արձագանքները խոսում են այն մասին, որ նա հակառակ կարծիք չի պատրաստվում ընդունել։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք դեմ է եղել պարտադիր կուտակային կենսաթոշակային  համակարգի ներդրմանը, իսկ ահա իշխանություն դարձած Փաշինյանը՝ ոչ։ Նույնը նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պարագայում է։ Ի դեպ վերջինս այս առումով հատկապես մտահոգվելու տեղ ունի։ Սոցիալական ցանցերում, տարբեր քաղաքացիների կողմից գրառումներ են արվում,  կապված նախարար Թանդիլյանի հրաժարականի հետ կապված։ Իրականում ինչ ընթացք կստանա այս զարգացումները, ցույց կտա ժամանակը։

Ակնհայտ է, որ «նոր» Հայաստանում, ոչ վարչապետը, ոչ էլ նախարարները ժողովրդի հետ վերջնագրերի լեզվով խոսել այլեւս չեն կարող։ Կառավարության ներսում առաջին խոշոր բախումը տեղի է ունեցել, զարգացումները կարող են անկախատեսելի լինել։

Irakanum.am