»»»Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը. ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մոտ կես դար առաջ էկրան բարձրացած ֆիլմի աղբյուրը վերականգնվել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Գալստյանի միջոցներով, Համլետ Գևորգյանի և գյուղի բնակիչների մասնակցությամբ: Սակայն, եթե այն ժամանակ աղբյուրը դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա դա մանրակրկիտ վերականգնված լիարժեք խաչքար-աղբյուր է:

Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց, հունիսի 10-ին, հենց այն նույն տարածքում, որտեղ տեղի էին ունեցել աղբյուրի նկարահանման տեսարանները, կայացավ աղբյուրի բացման արարողությունը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր տարածքներից: Ֆիլմի նկարահանումներին մասնակցած դերասաններ, նկարահանման խմբի անդամներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Երոնոսի դերակատարը, և Հեղնարի դերակատարուհի Յուլիա Ռուստամյանը տարածք եկան ֆայտոնով՝ այնպես, ինչպես ֆիլմում վարպետները: