»»»«Հենդոն, «Ճանճը»… նրանք միշտ աբիժնիկ էին…». անսպասելի վճիռ՝ «Տոտո» գրասենյակում արձակված կրակոցների գործով

«Հենդոն, «Ճանճը»… նրանք միշտ աբիժնիկ էին…». անսպասելի վճիռ՝ «Տոտո» գրասենյակում արձակված կրակոցների գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Հենրիկ Բարսեղյանի գործի դատական քննությունը:

Հենրիկ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրված խմբի կազմում իր մոտ պահվող ապօրինի հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի մարդկանց սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում՝ «Մետաքս» թաղամասի հարևանությամբ գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում հնչել են կրակոցներ: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 երիտասարդներ՝ հիմնականում 27 տարեկան:

Բարեբախտաբար՝ վիրավորների կյանքը փրկվել է, այս միջադեպի արդյունքում ոչ ոք չի սպանվել:

Վիրավորներից՝ Վահագ Գևորգյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով, ներքին սուր արյունահոսությամբ:

Վլադիմիր Գևորգյանի և Արման Ավագյանի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ նրանք հրազենային վնասվածք էին ստացել ազդրի շրջանում:

Արման Սրապիոնյանի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ նա հրազենային վիրավորում էր ստացել ոտնաթաթի շրջանում:

Գործով առանցքային վկա համարվող Արսեն Թ.-ն, վկայակոչելով տուժողների՝ հիվանդանոցում իրեն հայտնած տեղեկությունները, նշել է, թե «Տոտո»-ի գրասենյակ են անսպասելի մտել Հենդոն ու նրա ընկերները: Տուժող Վլադիմիրը իրենց վրա հարձակվողների մասին, ըստ վկայի, ասել է. «Նրանք միշտ մեզանից աբիժնիկ էին… Վահագից վառված էին…»:

Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել «Մետաքս» թաղամասում որպես «Կաբելչիկ Արթուրի որդիներ» հայտնի երկվորյակ եղբայրների՝ Հենրիկ Բարսեղյանի ու նրա եղբոր նկատմամբ: Հետագայում վերջինիս մասնակցությունը դեպքին ապացուցված չլինելու հիմքով գործի նրա մասը կարճվել է:

Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, հայտնաբերվել, կալանքի տակ է առնվել: Ըստ մեղադրանքի՝ «Տոտոյում» կրակոցներ հնչել են ավելի վաղ Հենրիկ Բարսեղյանի ու Վահագն Գևորգյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով. Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, «Կովկաս» ռեստորանում «արա»-ով դիմելու պատճառով վիճել է Վահագի հետ: Դա է առիթ եղել, որ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Հենրիկ Բարսեղյանը այլ անձանց հետ մուտք է գործել Երևանի Խորենացու փողոցում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ կրակոցներ են արձակել իրենց կողմից ապօրինի կրած ատրճանակներից ու չորս հոգու պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գործի քննությամբ հաստատվել է, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Հենրիկ Բարսեղյանը միակ կրակողը չէր, երկրորդ կրակող է եղել: Բացահայտվել է, որ կրակոցներ արձակած երկրորդ երիտասարդը եղել է Արման Մարջանյանը՝ «Ճանճ» մականունով, ով նույնպես հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել:

Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Բարսեղյանի, ինչպես և Արման Մարջանյանի դիտավորությունը եղել է սպանություններ կատարելը, սակայն նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանդիպելով տուժողների ակտիվ դիմադրությանը, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի…

Ուշագրավն այն է, որ Արման Մարջանյանի վերաբերյալ գործի մասի դատական քննությունը ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավելի վաղ էր ավարտվել, քան՝ Հենրիկ Բարսեղյանի մասը:

Արման Մարջանյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի ու ապօրինի զենք պահելուհամար և վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրող դատախազը Մարջանյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում… Արման Մարջանյանի վերաբերյալ դատավճիռը ներկայումս բողոքարկվում է վերաքննիչ քրեական դատարանում…

Նույն փաստական հանգամանքներով նույն գործի մի մասով կայացված մեղադրական դատավճիռը, պետք է ասել, խոչընդոտ չեղավ, որ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատարանը Հենրիկ Բարսեղյանի գործով այլ հետևությունների հանգի: Դատախազը Հենրիկ Բարսեղյանի համար նույնպես, ինչպես Արման Մարջանյանի համար, պահանջել էր վերջին հաշվով 14 տարի ազատազրկում: Թվում էր՝ Հենրիկ Բարսեղյանը կդատապարտվի, ինչպես Արմանը՝ նույն կամ համարյա նույն պատժաչափը կստանա: Բայց Մնացական Մարտիրոսյանը վերաորակեց սպանության փորձի մեղադրանքը՝ այն ապացուցված չհամարելով:

Հենրիկ Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ըստ արարքի հետևանքի՝ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտվեց 8 տարի ազատազրկման:

Նույն գործի վերաբերյալ՝ նույն տարածքում կրակոցներ արձակած երկու երիտասարդների նույն արարքին, ստացվում է, առաջին ատյանի նույն դատարանը՝ տարբեր դատավորների նախագահությամբ, տվել է տարբեր գնահատական և դրանից բխող՝ տարբեր պատժաչափեր է սահմանել: Սա արտառոց իրավիճակ է, արտացոլում է մեր դատական համակարգում առկա խնդիրներն ու սուբյեկտիվության գերակայությունը: Առաջացած խնդիրը ամենայն հավանականությամբ «կհարթի» վերաքննիչ դատարանը…

Նյութի աղբյուրը՝ 1in.am

2018-06-10T20:09:24+00:00 Հունիսի 10 20:09|Իրավական, Քրեական աշխարհ|0 Comments