»»»Ինչ անել՝ թունաքիմիկատներով թունավորումից խուսափելու համար

Ինչ անել՝ թունաքիմիկատներով թունավորումից խուսափելու համար

Այս տարի, մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 42, իսկ 2016-ին՝ 66 դեպք:

Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների ցուցանիշը 2017թ. համեմատ նվազել է 1.2 անգամ, 2016-ի համեմատ՝ 1.8 անգամ, ինչը պայմանավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև ԶԼՄ-ի աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:

Այս տարվա առաջին 5 ամսում թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Հիմնական պատճառը (56%) թունաքիմիկատներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառելն է, դրանց ոչ ճիշտ պահպանումը և մակնշումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝

հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
չպահել թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար,
պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ,
թունաքիմիկատ օգտագործելուց հետո օճառով լվանալ ձեռքերը և դեմքը՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։

2018-06-07T13:56:14+00:00 Հունիսի 7 13:56|Առողջություն, Հասարակություն|0 Comments