»»»Արայիկ Հարությունյանի կոչը քաղաքացիներին

Արայիկ Հարությունյանի կոչը քաղաքացիներին

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 6-ին որոշում եմ կայացրել թողնել Արցախի Հանրապետության պետական նախարարի ինձ վստահված բարձր պաշտոնը: Իմ որոշումը, ինչպես արդեն հայտարարել եմ այդ առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, չի եղել պահի թելադրանքով և ունեցել է հիմնավոր պատճառներ:

Զբաղեցնելով հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոնները՝ նաև իմ համեստ աշխատանքի շնորհիվ անցած ավելի քան մեկ տասնամյակում մեր հանրապետությունում արձանագրվել են տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, ինչն առաջընթաց է ապահովել Արցախի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: Սակայն հանրային վերջին տրամադրությունները ցույց են տվել, որ մեր հասարակությունը բավարարված չէ ունեցած ձեռքբերումներով և իշխանության առաջ նոր բարեփոխումների պահանջ է դրել:

Գիտակցելով այդ փոփոխությունների կարևորությունը՝ ես այն սկսել եմ ինձնից՝ Հանրապետության Նախագահին ներկայացնելով իմ հրաժարականի դիմումը: Իմ խորին համոզմամբ՝ առկա խնդիրների լուծմանը ես կարող եմ ավելի շատ նպաստել որպես Արցախի ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ իմ թիմի հետ կատարվելիք ամենօրյա աշխատանքով:

Այս առումով, նախ, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն կուսակցական գործընկերներիս, ովքեր այս տարիների ընթացքում հավատարիմ են մնացել «Ազատ հայրենիք»-ի գաղափարներին ու ընտրած ճանապարհին: Միաժամանակ դիմում եմ բոլորիդ՝ նշելով, որ մեզ ծանր ու ծավալուն աշխատանք է սպասվում, և ովքեր պատրաստ չեն այդ գործում ներգրավվելու, ազատ են իրենց որոշումների մեջ:

Դիմում եմ նաև մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ասելով, որ ովքեր պատրաստ են միանալ մեր թիմին և համատեղ ճանապարհ անցնել, կարող են անդամագրվել «Ազատ հայրենիք» կուսակցությանը կամ նրա համակիրների բանակին:

Մենք առաջիկայում հանրության դատին կներկայացնենք մեր կուսակցության քաղաքական օրակարգը, որը կանխորոշելու է մեր քայլերի հստակ տրամաբանությունն ու ժամանակացույցը:
Շնորհակալություն»:

2018-06-07T20:11:12+00:00 Հունիսի 7 20:11|Լեռնային Ղարաբաղ|0 Comments