», Ֆոտոշարք»Վնասվածքներ ունեցել եմ ու դեռ էլի կունենամ․ Ռեմբոն՝ կասկադյորությունից, պրոֆեսիոնալ դպրոցից ու պետության վերաբերմունքից

Վնասվածքներ ունեցել եմ ու դեռ էլի կունենամ․ Ռեմբոն՝ կասկադյորությունից, պրոֆեսիոնալ դպրոցից ու պետության վերաբերմունքից

«25 կյանք էլ ունենայի, բոլորն էլ այս մասնագիտությանը կնվիրեի, քանի որ դրա մեջ չկա խաբեություն, սուտ, ամեն ինչ իրական է»։ այսպես է մենաբանում կասկադյորի մասնագիտությունը կասկադյորական արվեստի հիմնադիր, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը (Ռեմբո):

Մասնագիտության ընտրություն

Irakanum.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ սպորտսմենների ընտանիքից է, կասկադյորի մասնագիտությունն ընտրել է երկրորդ դասարանում։

«Ինքս սպորտսմենների ընտանիքից եմ, հայրս եղել է ավտոկասկադյոր, սովետական որոշ ֆիլմերում ավտոհնարքներ է կատարել։ Մայրս հայ առաջին ջրացատկորդուհիներից մեկն է եղել։ Ցավոք, երկուսն ՝էլ մահացել են, սակայն նրանց ոգին միշտ ինձ հետ է։

Վերջնական որոշեցի կասկադյոր դառնալ, երբ առաջին անգամ դիտեցի լուսահոգի Էդմոնդ Քյոսայանի նկարահանած «Անորսալի վրիժառուներ» ֆիլմը։ Մի տեսարան կար, երբ կամուրջն այրվում էր, ու գնացքը դրա վրայով պետք է անցներ։ Ես տեսա՝ մարդիկ ոնց են գնացքի տանիքից ընթացքից ցատկում ներքեւ։ Դա ինձ տպավորեց, եւ լուրջ դեմքով հայրիկիս ասացի, որ որոշել եմ՝ ինչ եմ դառնալու։ Ասացի՝ այն քեռիներից պետք է դառնամ, որ գնացքի տանիքից նետվում են ներքեւ։

Հայրս իհարկե շատ չէր ողջունում, բայց հասկացավ, լուրջ պատասխանեց, որ այդ մարդիկ կոչվում են կասկադյորներ։ Նա ասաց՝ իմ տղան ես ու գիտեմ, որ որոշումդ չես փոխի, եւ ես ոչ թե կխանգարեմ, այլ կօգնեմ քեզ։

Վերջերս էլ իմ 5-ամյա որդին նույնն ասաց, որ ցանկանում է դառնալ կասկադյոր։ Իհարկե փոքր է, բայց եթե այդպես որոշի, նրան չեմ խանգարի»։

Фото Armen Petrosyan.

Կասկադյորական հնարքների բեմադրում

Արմեն Պետրոսյանն այսօր Հայաստանում կասկադյորական հնարքների միակ պրոֆեսիոնալ բեմադրողն է։ 1994 թվականից զբաղվում է այս գործով եւ նշում է, որ հնարքներ բեմադրելու համար անհրաժեշտ է կասկադյորական մեծ ճանապարհ անցնել։

«Պրոֆեսիոնալ կասկադյոր լինելուց զատ՝ տվյալ անձը պետք է ունենա ռեժիսորական ձիրք։ Հնարավոր է, որ մարդ լինի հիանալի կասկադյոր, բայց չդառնա հնարքների բեմադրող։ Դրա համար, բացի կասկադյոր լինելուց, տեխնիկական գիտելիքներ էլ է պետք ունենալ։ Պետք է կարողանալ աշխատել ֆիլմի գլխավոր ռեժիսորի հետ, բեմադրող օպերատորի հետ, հասկանա, թե ինչ բան է տեսախցիկը։

Իհարկե՝ ես աշխատում եմ այդ ուղղությամբ՝ պատրաստելու, դաստիարակելու հետնորդներ, որովհետև տարիքն իրենն ասում է, մեծանում ենք, եւ կգա մի օր, որ մենք այս գեղեցիկ արվեստին հրաժեշտ տանք։ Պետք է կարողնանք կողքից դիտել ու հպարտանալ ու հիանալ մեր իսկ դաստիարակած սերնդով։ Մեր կազմակերպությունում տղաները բոլորն էլ պրոֆեսիոնալ են, եւ ոմանց մեջ արդեն տեսնում եմ հնարքների ապագա բեմադրողի։ Ես ինքս վաղուց արդեն հնարքներ չեմ կատարում, որովհետ տարիքն իրենն ասում է։ Տվյալ արվեստը պահանջում է համարձակություն, ճկունություն, ինչը տարիքի հետ թուլանում է։ Միանշանակ պետք է փոխարինող պարտաստել՝ գործը շարունակելու համար, սա շարունակական արվեստ է»։

Фото Armen Petrosyan.

Վնասվածքներ՝ հնարքների ժամանակ

Կասկադյորի մասնագիտությունն ամենավտանգավորներից է աշխարհում։ Թերեւս չկա մի կասկադյոր, որ բազմաթիվ վնասվածքներ ստացած չլինի կարիերայի ընթացքում։ Ինչպես կարելի է հաղթահարել վախն ու խուսափել վնասվածքներին։ Արմենն ասում է՝ եթե մի կասկադյոր ասի, որ վնասվածք չի ունեցել երբեւէ, ուրեմն պրոֆեսիոնալ չէ իր գործում։

«Ցանկացած նորմալ մարդ ունի վախ վնասվածքներից, այդ պատճառով հաշվարկներ ենք կատարում՝ հնարավորինս ցածրացնելով վնասվելու ռիսկի գործոնը։ Սակայն վնասվածքներից ոչ ոք ապահովագրված չէ։ Շատ վնասվածքներ եմ ունեցել ու երևի թե էլի ունենամ․․․ Մեր աշխարհում վնասվածքները կնունքի պես մի բան են։

Փառք տիրոջը, որ 24 տարվա ընթացքում լուրջ վնասվածքի դեպք չենք ունեցել, թեեւ աշխատել ենք 70 գեղարվեստական ֆիլմերում ու այլ նախագծերում։ Եթեհնարքներ բեմադրողը արհեստավարժ է, իսկ կասկադյորները՝ գիտակ, տվյալ հնարքներին լուրջ են մոտենում, վնասվածքներից հնարավորինս խուսափում են»։

Фото Armen Petrosyan.

Կասկադյորի տարիքային շեմը

Կասկադյորի մասնագիտությունն այնպիսին է, որ որոշակի տարիքի հասնելով՝ ստիպված ես հրաժեշտ տալ։ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ եթե երեխան ցանկանում է կասկադյոր դառնալ, նրան պետք է փոքրուց պատրաստել, տարբեր սպորտաձեւերի տանել, նոր միայն գալիս է տարիք, երբ հնարավոր է դառնում զբաղվել դրանով։

«Ու կա մի տարիք, որ արդեն նա պատրաստ կլինի ավելի պրոֆեսիոնալ զբաղվել։ Եւ կա մաքսիմալ տարիք, երբ կասկադյորությամբ զբաղվելն արդեն վտանգավոր է դառնում։ Երբ երիտասարդը կոտրվածք է ստանում, արագ է վերականգնվում, մեծ տարիքում մեծ է վտանգը, որ կոտրվածքը չի վերականգնվի։

Սակայն ամեն մարդ յուրովի է հասնում այն կետին, որ արդեն բավական է, պետք է հրաժեշտ տալ կասկադյորությանը։ Դա անհատական է»։

Фото Armen Petrosyan.

Կասկադյորական դպրոցի բացակայություն

Հայաստանում կասկադյորական ասոցիացիան երկար տարիներ է՝ գործում է, սակայն կասկադյորական դպրոց, ցավոք չկա։ Այս հարցը Արմեն Պետրոսյանի համար եւս ցավոտ է։ Նա նման դպրոցի հիմնումը ոչ թե կարեւոր, այլ պարտադիր է համարում։

«Հայաստանում պետք է պրոֆեսիոնալ կասկադյորական դպրոց հիմնել, սակայն շատ լավ իմանալով կասկադյորական արվեստի ամեն մանրուք՝ գիտեմ, որ մեր պետությունը ի զորու չէ դա անել։ Նման դպրոց հիմնելու համար մեծ գումարներ են պետք ։ Ոչ մի պաշտոնյա առայժմ կինոարվեստին մեծ տեղ չի տալիս, սակայն ոչ թե որ մեր կինոարվեստն է վատը, այլ իրենք են հեռու դրանից։

Խայտառակություն է, որ մենք անկախ պետություն ենք եւ կինոյի մասին օրենք չունենք, որը կօգնի այդ ոլորտի ներկայացուցիչներին։ Պետությունը պարտավոր է կինոյի մասին օրենք ընդունել, որը թիկունք կկանգնի ոլորտին՝ գեղեցիկ ֆիլմեր ստեղծելու եւ աշխարհին ցույց տալու համար։ Սխալ է, երբ ռեժիսորն ու դերասանը այլ աշխատանքով են զբաղվում՝ իրենց ընտանիքը պահելու համար եւ միայն ազատ ժամանակ են իրենց իրական մասնագիտությամբ զբաղվում։

Չեմ ուզում կասկադյորական դպրոցը տարանջատել կինոյից, քանի որ այն շղթայի մի օղակն է։ Որպեսզի Հայաստանում կասկադյորական դպրոց գործի, պետք է ունենանք ճիշտ կինոարտադրություն։ Մեր ասոցիացիա շատ երիտասարդներ են դիմում, հետաքրքրությունը մեծ է կասկադյորության հանդեպ։ Այո, իմ երազանքն է ունենալ Հայաստանում կասկադյորական դպրոց, սակայն ցավոք կարծում եմ, որ այս երազանքս չի իրականանա։ Սակայն անկախ ամեն ինչից մենք մեր ուժերով մեր աշխատանքն անում ենք, երիտասարդներին սովորեցնում ենք։

Фото Armen Petrosyan.

Կանայք եւ կասկադյորությունը

Աշխրհի բազմաթիվ երկրներում կին կասկադյորների թիվը չի զիջում տղամարդկանց։ Սակայն Հայաստանում իրավիճակն այլ է։ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է երիտասարդ աղջիկների հետաքրքրվածությունը կասկադյորության հանդեպ։

«Հայաստանում աղջիկների մեծ մասը ավելի շատ գաղյթակղված է մեծացրած շրթունքներով ու տարատեսակ դիրքերով սելֆիներ անելով, քան կասկադյորությամբ։ Կան հատուկենտ աղջիկներ, ովքեր հետաքրքրված են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ներգրավվել՝ մեկի հայրը թույլ չի տալիս, մյուսի փեսացուն եւ այլն»։

Фото Armen Petrosyan.

Դիմում ԿԳ նախարարին

Արմեն Պետրոսյանը նշում է, որ ինքը դիմել է Կրթության եւ գիտության նախարարին՝ կոնկրետ առաջարկներով, սակայն առայժմ պատասխան չի ստացել։

«Մեր արվեստը ոչ միայն մշակույթի հետ է կապված, այլեւ կրթության։ Եւ այս առնչությամբ ես կոնկրետ ծրագրով նամակ եմ հղել ԿԳ նախարարին, սակայն դեռ արձագանք չկա։ Ես խնդրել եմ ընդունելություն, որտեղ մանրամասն կներկայացնեմ ծրագիրս։ Ասացին՝ 10 օրվա մեջ են արձագանքելու, սակայն 10 օր էլ անցավ, ավել էլ, դեռ պատասխան չենք ստացել։

Պարոն նախարար, հասկանում եմ Ձեր ծանրաբեռնվածությունը, բայց ինչո՞ւ չեք ընդունում ինձ, մենք ընդամենն ուզում ենք խնդրել ընդունելություն, որպեսզի մանրամասն ներկայացնենք ձեզ մեր ասելիքը»։

Նատա Հարությունյան

2018-06-05T10:36:10+00:00 Հունիսի 5 10:36|Հասարակություն, Ֆոտոշարք|0 Comments