»»»Ինչ սպասելիքներ ունեն քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից

Ինչ սպասելիքներ ունեն քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից

Հայ ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում էր Հայաստանում տիրող քաղաքական և ներքաղաքական անարդար իրավիճակների դեմ։ 10 տարի անց եղավ այն հեղափոխությունը, որին սպասում էին գրեթե բոլորը, բացի մի ստվար զանգվածի, ովքեր անկախ իրավիճակի, շարունակում են քննադատել և իրենց բողոքի ալիքը բարձրացնել։ Իսկ զգալի զանգվածը լավատեսորեն առաջ նայելով արտահայտում է իր ուրախությունը և մեծ հույսեր կապում նոր Հայաստանի հետ։ Նրանք գոհ են ներկա տիրող իրավիճակից:

Irakanum.am-ը Երեւանի բնակիչներից մի քանիսից փորձեց ճշտել, թե ինչպես են վերաբերվում նոր Կառավարությանը, եւ ինչ սպասելիքներ ունեն։ Արձագանքները հիմնականում դրական էին։ «Առավել գոհ եմ ոչ թե կառավարության ստորաբաժանումներից, այլ բուն կառավարության ղեկավարից: Մի կողմ դնենք Նիկոլի ժողովրդի կողմից սիրված լինելու փաստն ու հարցին մոտենանք իրատեսական տեսանկյունից։ Նոր կառավարություն է ձևավորվել, բայց այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանն ապրեց ու ապրում է ավելի մեծ պրոգրեսներ, քան նախորդ տասը տարիներին: Տնտեսությունը թևակոխել է նոր փուլ, իրականացված ռեֆորմների հաշվին: Իսկ որոնք՞ են դրանք. քավ լիցի, դրանք այն սխալներն են, որոնք թույլ են տվել նախորդ կառավարությունները, մասնավորապես՝ մենաշնորհ, երիտասարդ կադրերի բացակայություն, սովետական ստրուկտուրայի համապատասխան կառավարում, կոռուպցիա, ներդրումների դեգրադացում: Ոնց տեսնում ենք այս խնդիրները, եթե ոչ լիարժեք, ապա հիմնականում լուծվել ու լուծվում են: Իսկ առավել շատ ու մանրամասն կարելի ա վերլուծել էս ամենը շոշափելի ժամանակ հետո, երբ արդյունքները ակնհայտ կլինեն: Սպասելիքներս մեծ են: Քանի որ նոր կառավարությունը ժողովրդական սիրո ու հարգանքի շնորհիվ կձգտի հասնել ավելիին ու կփորձի արդարացնել ժողովրդի սպասելիքները»,- ասած հարցված քաղաքացիներից մեկը:

«Նոր կառավարությունը դեռ իր քայլերով վստահություն է ներշնչում: Իհարկե այսքան շուտ գոհ լինել կամ դժգոհ լինել հնարավոր չէ, քանի որ խնդիրները շատ են ,իսկ իրենք դեռ մեկ ամիս էլ չկա,որ իշխանություն են: Գոհացուցիչ հանգամանքներից են երիտասարդ կադրերի ներկայությունը, ժամանակին համընթաց աշխատելը՝ օգտագործելով մեդիա գործիքները, ինտերակտիվ կապ ունենալը հանրության հետ, գոհացուցիչ է,որ առհասարակ վստահության մթնոլորտ են ստեղծել, իհարկե հարցականներն էլ են շատ։ Առաջին սպասելիքս առկա կարծրատիպերի վերացումն է, ինչը արդեն սկսվել է: Նախարարի, պատգամավորի և առհասարակ քաղաքական գործչի կերպարի փոփոխությունը շատ կարևոր է: Քաղաքացին պետք է վստահի իր քաղաքական գործչին, պետք է համագործակցի նրա հետ և աշխատի պետության զարգացման ուղղությամբ: Սա գլխավոր սպասելիքն է: Դրան զուգահեռ և դրա արդյունքում սպասում եմ կադրային լուրջ բարեփոխումների, նոր կադրերին փորձի կուտակման հնարավորության ընձեռում, կարևորը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումն է: Սպասելիքս այն է, որ մարդուն գնահատեն իր որակով, ոչ թե կուսակցական պատկանելիությամբ: Սա, ցավոք, այժմ չի գործում, քանի որ քաղաքական պաշտոններ են ստանում մեծամասամբ «Ելք» դաշինքին հարողները: Սկզբի համար ընդունելի է, ակնկալում եմ որ ժամանակի ընթացքում այս հարցը կկարգավորվի: Այլ ակնկալիքներ էլ կան, բայց դրանք այնքան են, որքան խնդիրները, այսինքն ահնաշիվ։ Փոփոխությունները ակնկալիքների հետ են կապված։ Բայց այս հարցին կմոտենամ այլ տեսանկյունից: Կուզեմ որ քաղաքացին քաղաքացիական ակտիվություն ցույց տա: Սա վերաբերում է տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավմամբ, հասարակական ակտիվ գործունեությամբ: Ցույցից ցույց բղավելն ու ստատուսային մակարդակի քաղաքական վերլուծաբան լինելը դեռ քաղաքացիական ակտիվություն չէ: Այն շարունակական երևույթ է և քաղաքացուն հետևում է ողջ կյանքում»,- ասաց մեկ այլ հարցված քաղաքացի։

Քաղաքացիները նաեւ սպասելիքներ ունեն նոր կառավարությունից։ «Մոնոպոլիայի կամ այսպես ասած օլիգարխիայի վերացումը։ Մենաշնորհի դեմ պայքարը դուրս եկավ, հուսամ քայլ առ քայլ կուղղվի։ Կցանկանամ տնտեսական աճ գրանցվի՝ արտահանման հաշվին, հարկեր ու վարկերը իջնեն, կենսամակարդակը բարձրանա, կոռուպցիան վերանա, լինեն աշխատատեղեր նորմալ աշխատավարձով, բուհերում որակյալ կրթություն և պրակտիակներ լինեն, քանի որ տեսականով շատ բաներ չենք հասկանում։ Անհապաղ լուծել արցախյան հարցը, ինչպես նաև Թուրքիայի հետ գալ ընդհանուր հայտարարի, որը կտա հնարավորություն դիվանագիտական կապեր հաստատել ոչ թե երկու, այլ չորս հարևան երկրների հետ»։

Ընդհանուր առմամբ հարցված քաղաքացիները այն կարծիքին են, որ սկսված փոփոխությունները դրական են, եւ կարող են լավ հանգրվանի հանգեցնել։ Միաժամանկ շեշտում են, որ առաջիկա մի քանի տարիները իրապես բարդ են լինելու։ Հայաստանի առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար տարիների քրտնաջան աշխատանք է պետք։ Այս ամենին հասնելու համար նրանք գտնում են, որ անհրաժեշտ է դրսեւորել  քաղաքական կամք եւ որ ամենակարեւորն է լինել «դուխով»։