»»»Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը՝ միանալով ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագրին

Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը՝ միանալով ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագրին

«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար, միջոցներ ձեռնարկել համաձայնագրի անդամ երկրների միջեւ փոխադրումների իրականացման համար գրավիչ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հիշյալ համաձայնագրի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հունիսին՝ Հայաստանի (առարկությամբ), Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ: Այն 1998-ին Բաքվում ստորագրված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի միջազգային տրանսպորտային զարգացման մասին բազմակողմ համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:

«Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, ստացողների այլ անձանց միջեւ հարաբերությունները:

Մուլտիմոդալ փոխադրում  նշանակում է առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռների փոխադրումների իրականացում:

Նման փխադրումներն իրականացվում են մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների կողմից»,-ասաց փոխնախարարը:

Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է համաձայնագիրը կիրառել մասնակից երկրների միջեւ եւ այլ երկրների տարածքներով տարանցիկ մուլտիմոդալ փոխադրումների առնչությամբ, որոնք իրականացվում են ՀՀ-ում գրանցված փոխադրողի կողմից՝ տրանսպորտի բոլոր ձեւերի օգտագործմամբ, նաեւ ապահովել, որ մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների պատասխանատվությունը տարածվի իրենց կողմից բեռն ստանալու պահից մինչեւ բեռը փոխանցելու պահը: «Կողմերի միջեւ վեճերը պետք է լուծվեն կողմերի միջեւ բանակցությունների միջոցով: Համաձայնագիրը բաց է բոլոր երկրների համար՝ կողմերի համաձայնության դեպքում:

Հայաստանը այս համաձայնագրով ֆինանսական որեւէ պարտավորություն չի ստանձնում»,-ասաց Գագիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ համաձայնագրի առնչությամբ վերապահում ունի Ադրբեջանը, իսկ Հայաստանը ստորագրել է առարկությամբ:

Իր հերթին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ համաձայնագրին միանալով Հայաստանը դառնում է եվրոպական տրանսպորտային միջանցքների տրամաբանական շարունակություն եւ հայտնվում այդ միջանցքներում:

«Եթե հաշվի առնենք, որ այս համաձայնագիրը կարող է ընդլայնվել Իրանի միանալով, դա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր»,-ասաց նա:

2018-02-17T11:33:04+00:00 Փետրվարի 17 11:33|Հասարակություն, Մարզեր|0 Comments